Լեանարդո Դավինչի

Leonardo da Vinci - presumed self-portrait - WGA12798.jpgԼեոնարդոն ծնվել է 1452թ. ապրիլի 15-ին  գիշերվա ժամը 3-ին Տոսկանայի լեռնային Վինչի քաղաքում՝ Առնո գետի ստորին հովտում՝ Ֆլորենցիայի հանրապետությունում: Ինչպես նշում է Անջելա Օտտինո դելա Կիեզան, նրա ծնունդը գրանցվել է Լեոնարդոյի հայրական պապի՝ Սեր Անտոնիոյի օրագրում: Նա մեծահարուստ ֆլորենտացի նոտար Մեսեր Պիերո Ֆրուոզինո դի Անտոնիո դա Վինչիի և գյուղացի Կատերինայի արտամուսնական որդին էր: Ենթադրվում է, որ Կատերինան կարող էր լինել Միջին Ասիայից կամ Միջերկրածովյան ավազանից բերված ստրկուհի: Ըստ Վինչիում Լեոնարդո դա Վինչիի թանգարանի տնօրեն Ալեսանդրո Վեզոսիի՝ ապացույցներ կան, որ Պիերոն ուներ Կատերինա անունով միջինասիացի ստրկուհի: Ըստ լուրերի, Լեոնարդոյի մատնահետքի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նա ունի միջինասիացու արյուն:Հոդվածում որպես ապացույց նշվում է, որ միջինասիական ծագում ունեցող մարդկանց 60%-ը Լեոնարդոյի վերստեղծված մատնահետքի հետ ունի պտույտների ընդհանրություն: Հոդվածը նաև նշում է, որ ոմանք դեմ են այս պնդմանը, քանի որ նրանց կարծիքով այսպես հնարավոր չէ գուշակել մարդու ռասան, առավել ևս, երբ միայն մեկ մատի մատնահետքն է հաշվի առնվել:[19]Լեոնարդոն ազգանուն չուներ, դա Վինչին պարզապես նշանակում է Վինչիից: Նրա ամբողջական անունն էր Լիոնարդո դի սեր Պիերո դա Վինչի, որը նշանակում է Լեոնարդո՝ Վինչիի մեսսեր Պիերոյի որդի: Սեր (մեսսեր) նշանակում էր, որ Լեոնարդոյի հայրը ազնվական էր:

Լեոնարդոյի մանկությունից քիչ բան է հայտնի: Նա իր կյանքի առաջին 5 տարիներն անցկացրել է Անկիանո գյուղակում՝ իր մոր տանը, իսկ 1457թ-ից ապրել է իր հոր, հորական ծնողների և հորեղբոր տանը՝ Վինչի փոքրիկ քաղաքում: Նրա հայրն ամուսնացած էր 16-ամյա Ալբիերա Ամադորիի հետ, ով շատ էր սիրում Լեոնարդոյին, բայց երիտասարդ հասակում մահանում է 1465թ-ին՝ առանց երեխա ունենալու: Երբ Լեոնարդոն 16 տարեկան էր (1468), նրա հայրը կրկին ամուսնանում է 20-ամյա Ֆրանչեսկա Լանֆրեդինիի հետ, ով նույնպես առանց երեխա ունենալու մահանում է: Պիերոյի օրինական ժառանգները ծնվել են նրա երրորդ կնոջ՝ Մարգերիտա դի Գուլյիելմոյից (նա 6 երեխա է ունեցել՝ Անտոնիո, Ջուլիան, Մադդալենա, Լորենցո, Վիոլանտե և Դոմենիկո) և չորրորդ ու վերջին կնոջից՝ Լուկրեցիա Կորտիջանիից, ով նույնպես 6 երեխա է ունեցել՝ Մարգերիտա, Բենեդետտո, Պանդոլֆո, Գուլիելմո, Բարտոլոմեո և Ջովաննի:

Ընդհանուր առմամբ, Լեոնարդոն ուներ 12 խորթ քույր ու եղբայր, ովքեր շատ ավելի երիտասարդ էին, քան նա (վերջինը ծնվեց, երբ Լեոնարդոն 40 տարեկան էր), և նրանց հետ գրեթե չէր շփվում, բայց հոր մահվանից հետո, նրանք դժվարություններ ստեղծեցին ժառանգության հարցում:

Լեոնարդոն ոչ պաշտոնապես սովորել է լատիներեն, երկրաչափություն և մաթեմատիկա: Հետագայում, Լեոնարդոն արձանագրել է իր մանկությունից միայն 2 միջադեպ: Առաջինը, որը նա նախանշան էր համարում, այն էր, երբ օդապարուկը երկնքից ընկավ և սավառնեց իր օրորոցի վրա, իսկ դրա փետուրները դիպան նրա դեմքին:Երկրորդը տեղի է ունեցել, երբ նա հետազոտում էր լեռները: Նա հայտնաբերեց մի քարանձավ և վախենում էր, որ հնարավոր է մի մեծ հրեշ թաքնված լիներ այնտեղ, և միևնույն ժամանակ նրան հետաքրքրում էր, թե ինչ կա այնտեղ:

Լեոնարդոյի մանկությունը պատմաբաններին ենթադրությունների տեղ է տվել: Վերածննդի նկարիչների 16-րդ դարի կենսագրագիր Վազարին պատմում է երիտասարդ Լեոնարդոյի մասին: Մի գյուղացի շրջանաձև վահան է պատրաստում ինքն իր համար և տալիս է Սեր Պիերոյին, որպեսզի ներկի: Լեոնարդոն նկարում է կրակ արտանետող հրեշի, որն այնքան սարսափազդու էր, որ Սեր Պիերոն այն վաճառում է մի ֆլորենտացի արտ դիլերի, ով այն վաճառում է Միլանի դուքսին: Միևնույն ժամանակ, շահույթ ստանալով, Սեր Պիերոն գնում է մի վահան, որին նկարված էր նետով խոցված սիրտ, և այն տալիս է գյուղացուն:

Մանրամասներ կյանքի վերաբերյալ

Ինժեներ, տեխնիկ, անատոմ, հեռանկարի մասնագետ Լեոնարդոն բազմակողմանիության ինչ-որ հրաշք դարձավ։ Ուսումնասիրության առարկա դարձող ամեն մի բնագավառում նա կանոնավորապես ընդլայնում ու խորացնում էր իր գիտելիքները, ստուգում փորձով ու կապ ստեղծում մաթեմատիկայի հետ։ Նրա գիտելիքները վիթխարի էին։

Նկարիչը՝ չհանդուրժելով անարդարությունը, գժտություններն ու անմիաբանությունը, իր ողջ կյանքում ստիպված էր թափառել. աշխատել է Միլանում, Ֆլորենցիայում, Հռոմում, Վենետիկում։ Նյութական իսկական ապահովվածություն նա Իտալիայում երբեք չունեցավ, այնպես, ինչպես ունեին Տիցիանը, Ռաֆայելը, Միքելանջելոն կամ նույնիսկ իր համեմատությամբ այնպիսի մի համեստ նկարիչ, ինչպես Ջուլիո Ռոմանոն։ Իսկ ժամանակ առ ժամանակ նա Իտալիայում իրեն իսկապես ավելորդ էր զգում։ Ճանաչված չլինելը, կուլտուրապես միայնակության զգացումը նրա ողբերգությունն էր։ 1517 թ.-ին Ֆրանսուա I թագավորի հրավերով, որպես «թագավորական առաջին նկարիչ, ճարտարապետ և մեքենաշինարար», տեղափոխվել է Ֆրանսիա, որտեղ ապրել է մինչև կյանքի վերջը։

Նախագծել է Տուր–Բլուա–Սաոն ոռոգման ջրանցքը և ճարտարապետական գլուխգործոց Շամբորի դղյակը։

Ֆլորենցիայում նկարչության ու քանդակագործության ընդհանուր ուղղությունը ռեալիզմն էր, քանզի այն հիանալիորեն համապատասխանում էր ֆլորենտական բուրժուազիայի շահերին ու ճաշակին։ Եվ հետևաբար Լեոնարդոն նույնպես ռեալիստ էր։ Նրա տարերքը ստեղծագործությունն էր, իսկ մեթոդը՝ գիտական հետազոտությունն ու ստացված արդյունքների ստուգումը փորձի միջոցով։

Լեոնարդոն ոչինչ չէր հորինում և ոչինչ հիշողությամբ չէր նկարում։ Նա ասում էր՝

Լեոնարդո դա Վինչիի կիսանդրին Երևանում

Այդ պատճառով էլ նա միշտ փոքրիկ նոթատետրեր ու ալբոմներ էր պահում, որոնք, հենց որ վերջանում էին, նորով էր փոխարինում։

Կլո Լյուսե ամրոցը՝ Լեոնարդո դա Վինչիի մահվան վայրը։

Ֆլորենցիան Լեոնարդոյին տեսնում էր միշտ անթերի հագնված։ Նա քաղաքում քայլում էր հպարտ։ Բարձրահասակ էր, գեղեցիկ, շեկ, խնամված մորուքով, բերետը գլխին, հագին՝ բաճկոն, ուսերին՝ կարճ կարմիր թիկնոց, իսկ գոտկից կախված շղթային միշտ ամրացված էր փոքրիկ մի ալբոմ, ուր ճեպանկարներ էր անում ու նոթեր գրառում։ Դեմքը պարզ էր, կարծես ոչ մի նոթ չարտահայտող։ Իր կյանքից նա ոչ ոքի չէր գանգատվում, պատվերների ետևից չէր վազում, իսկ տրված պատվերներն էլ չէր շտապում ավարտել։ Կարող էր թվալ, որ նա մեծահարուստի նման է աշխատում և մեծահարուստի նման էլ ապրում։ Իսկ Լեոնարդոն աղքատի պես էր ապրում և աշխատում էր գիտնականի նման, ոչ թե «կուտակողի»։

Լեոնարդո դա Վինչիի հուշարձանը Ամբուազում (Ֆրանսիա)

Երբ Լեոնարդոյին որևէ աշխատանք էր հանձնարարվում, նա ինքն էր անձամբ մշակում պլանը, շատ էլ հաշվի չնստելով պատվերի պայմանների հետ։ Լեոնարդոն, սակայն, աստիճանավոր տգետ ամբոխին միշտ էլ անհասկանալի է թվացել, և նրան շատ անգամ են մեղադրել կախարդ լինելու և քրիստոնեական աշխարհի մայրաքաղաքը պղծելու համար, դիակներ հերձելու և հերետիկոս լինելու համար։

Սակայն կային նաև մարդիկ, որոնք նկատեցին Լեոնարդոյի և իր նախնիների տարբերությունը։ Նրա անունը հիշատակվում է իր ժամանակի 5 խոշորագույն նկարիչների շարքում՝ Մանտենիա, Ջորջոնե, Լեոնարդո, Ռաֆայել, Միքելանջելո։ Վազարին Լեոնարդոյին դնում է իտալական արվեստի նոր շրջանի սկզբին։ Վերածննդի դասական արվեստը սկսվում է Լեոնարդոյով։

1519 թվականի ապրիլի 23-ին նա մարդ ուղարկեց նոտարին կանչելու և թելադրեց իր կտակը։ Կտակի ամենակարևոր կետն այն էր, որ բոլոր ձեռագրերը, որպես սեփականություն, անցնում էին Ֆրանչեսկո Մելցիին, «միլանցի ազնվականին»՝ «ի պարգև իր համար թանկագին ծառայությունների՝ ցույց տրված անցած ժամանակներում»։ Եղբայրները ստացան Ֆլորենցիայում պահպանվող 400 սկուդին և Ֆիեզոլյան կալվածքը, որը նա դատարանի միջոցով նրանցից վերցրել էր 1507 թվականին։

Մի քանի օր անց՝ 1519 թվականի մայիսի 2-ին Լեոնարդոն, ինչպես վայել է բարի կաթոլիկին, հաղորդություն ընդունեց և վախճանվեց։ Երկու օր հետո նրան թաղեցին Ամբուազի եկեղեցիներից մեկում։ Մելցին Լեոնարդոյի ձեռագրերից դուրս բերեց նկարչությանը վերաբերող գրառումների մի մասը, ցրված նոթերը մի կերպ համակարգեց և հրատարակեց «Նկարչության մասին տրակտատ» խորագրով։

Որպես գիտնական և ճարտարագետ՝ դա Վինչին դիտարկումներով հարստացրել է ժամանակի գիտության գրեթե բոլոր բնագավառները։ Ձեռագրերում եղել են թռչող սարքերի, պարաշյուտների, ջրանցքների, կախովի կամուրջների, մետաղահալման վառարանների, տպագրական և հողափոր մեքենաների նախագծեր։

Նա առաջինն է բուսաբանությունը դիտել որպես ինքնուրույն կենսաբանական գիտություն, տվել բույսերի արևամետության, արմատներում նյութերի շարժման նկարագրությունը։ Սակայն տեխնիկայի ցածր մակարդակի պատճառով Դա Վինչին չի կարողացել իրականացնել իր նորարարական մտահղացումները։

Նրա գրական երկերի մեծագույն մասը հավաքված է խոշոր գրապահոցներում՝ Փարիզում, Բրիտանական թանգարանում, Վինձորի գրադարանում, Վիկտորիայի և Ալբերտի թանգարանում, Միլանի Ամբրոզիանում և այլուր։ Դրանց զգալի մասը հրատարակված է։

Ստեղծագործությունները

1503 թ.-ին նա ստեղծել է իր ամենանշանավոր գործերից մեկը՝ «Մոնա Լիզան» («Ջոկոնդա»)։ Երիտասարդ կնոջ երազկոտ, խոհուն, առեղծվածային, փոքր-ինչ թախծոտ թեթևակի ժպիտը բացահայտում է բնորդուհու ներաշխարհը։ Մոնա Լիզան պատկերված է բնապատկերի մեջ. հեռավոր սարերը, երկինքը, գետը, ծառերն ասես տարածված են մշուշում։

Նկարչի համար բնությունն ու մարդն անբաժանելի են։ Դրա վկայությունն է նաև «Աստվածամայրը քարանձավում» (1483–94 թթ.) կտավը, որի կերպարները նույնպես բնապատկերի մեջ են և ստեղծում են յուրահատուկ հուզական միջավայր։ Լեոնարդո դա Վինչիի ձեռագրերում հայտնաբերել են թռչող ապարատի, սուզանավի, ավտոմատ ջուլհակահաստոցի և ուղղաթիռի գծագրեր, ջրանցքների, մետաղահալման վառարանների ու գլոցահաստոնների, տպագրական հողափոր մեքենաների նախագծեր։ Լեոնարդոն մահից հետո թողել է 7000 ձեռագիր էջ, որոնք մինչև օրս լիովին չեն ուսումնասիրվել։